Դիպլոմային նախագիծ. «Ազգային, ծիսական, շարժուն խաղերի դերը նախադպրոցական տարիքի երեխայի ֆիզիկական զարգացման գործում»

 ԵՐԵՎԱՆԻ  «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ»                   ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ                                                                                                              Բարսեղյան Նվարդ               

 

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 ԱԶԳԱՅԻՆ, ԾԻՍԱԿԱՆ, ՇԱՐԺՈՒՆ ԽԱՂԵՐԻ ԴԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՅԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

 

ՀՀ, ք. ԵՐԵՎԱՆ 2018

                                                                 

Ներածություն

Ֆիզիկական ակտիվությունը ապահովում է երեխայի օրգանիզմի կենսա­գործունեությունը: Դրանով է պայմանավորված ֆիզիկական գործունեության կարևորությունը նախակրթարանում: Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման գործում ֆիզիկական դաստիարակության համար կարևոր տեղ են գրավում  շարժական, ազգային, ծիսական խաղերը: Ազգային ծեսն այն միջավայրն է, որտեղ բոլորը, ազգի մշակույթը յուրացրած, ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, որոնելու, հայտնաբերելու, երևակայելու, իմացածը կիրառելու լայն հնարավորություն ունեն: Այն մանկան ընդհանուր զարգացման համար ստեղծում է պարարտ հող՝ մի շարք խնդիրների լուծման համար: Ծեսը, որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն, նպաստում է նախակրթարան, ընտանիք, համայնք արդյունավետ համագործակցությանը: Նախակրթարանում ծեսի միջոցով սանի զարգացման գործընթացն արդյունավետ է, այն իր մեջ ոչ միայն ներառում է երեխայի համար կարևոր գործունեության ձևերը, այլև իրագործվում է լավագույն ազգային նյութով: Աշխատանքը կհետաքրքրի նախակրթարանների դաստիարակներին, ծնողներին և այլ հետաքրքրվող անձանց:

Աշխատանքը կազմված է. 
Գլուխ 1. Մանկավարժական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում
Գլուխ 2. Ազգագրություն.  Ազգային, ծիսական, շարժուն խաղերի նկարագրություն

Գլուխ 3. Գործնական մաս․ Ազգային, ծիսական, շարժուն խաղերի դերը երեխայի ֆիզիկական զարգացման գործում

Եզրակացություն

Օգտագործված հոդվածներ, գրականություն.

1. Թեմային առնչվող մանկավարժական գրականություն. այս աշխատանքը ներկայացված է դիպլոմային նախագծի առաջին գլխում.

1. 5-6 տարեկաններ. Դաստիարակի ուղեցույց
2. Երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
3. Նախադպրոցական մանկավարժություն
4. С. А. Козлова, «Дошкольная педагогика»
5. Նախադպրոցական մանկավարժություն. Նաիրա Գրիգորյան

2. Ծեսերին առնչվող գրականություն, հոդվածներ

 Գլուխ 1. Մանկավարժական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում

Երեխայի անձի ձևավորման առանձնահատկությունները նախա­դպրո­­ցական տարիքում

Երեխայի զարգացման և նրա անձի ձևավորման գործընթացները փոխկապված են։ Անձնավորութ­յու­նը մարդու սոցիալական նկարագիրն է և բնութագրում է մարդկային այն որակ­ները, որոնք ձեռք են բերվում հասարակության մեջ՝ մարդկանց հետ հարաբերվելու ընթաց­քում:

Անձնավորության հիմնական չափանիշներն են գիտակցությունը և ինքնագիտակ­ցությունը, որոնք մարդուն դար­ձնում են ինքնուրույն և վերափոխող գործունեության ընդունակ: Մարդու զարգացումը բարդ, երկարատև և հակասություններով լի գործընթաց է, որի ընթացքում քանակական փոփոխությունները վերածվում են որակի և բոլոր փոփոխութ­յուները փոխպայմանավորված են:

Երեխայի զարգացմանը, ինչպես նաև նրա անձնավորության ձևավորմա­նը նպաստող խթանները պայմանականորեն միավորում են երեք խմբի՝ կենսաբանական, սոցիալական և ման­կավարժական:

Մանկավարժական գործոնների շարքին է պատկանում երեխայի ինքնուրույն գործունեությունը, որը խրախուսվում և ձևավորվում է մեծահասակների մանկավարժական ներգործության շնորհիվ: Ինքնուրույնու­թյան դրսևորումները խթանում են երեխայի զարգացման գործընթացը, նպաստում նոր հաջողությունների ու նվա­ճումների: Երեխայի ինքնուրույնության արգելակումը մեծահասակների կողմից բացա­սաբար է անդրադառնում և խոչընդոտում է նրա ընդհանուր զարգացման գործընթացը: Երեխայի ինքնուրույնությունը՝ նրա զարգացման և անձ­նավորության ձևավորման կարևորագույն գործոն է:

Երեխայի զարգացման գործընթացում բավական պատասխանատու է մանկավարժական գործոննե­րի դերը:

Նախադպրոցական մանկավարժության դասընթացը ամենայն պատասխանա­տվու­թ­յամբ է վերաբերվել նախադպրոցական տարիքում առա­ջատար՝ խաղային գործունե­ութ­յան նշանակությանը նախադպրոցականի կյանքում: Խաղի ծագման և էության մա­սին բազ­­­մաթիվ տեսությունների մանկավարժական վերլուծության հիման վրա հոգեբա­նո­րեն հիմ­նավորվել և մեկ­նաբանվել է խաղի ժամանակակից տեսությունը: Երեխայի զարգացմանը նպաստում է զարգացնող միջավայրը, որը երեխայի զարգացման դրդող «առարկայական տարածությունն» է և համարժեք բարոյահոգեբանական մթնոլորտը:

Սոցիալական միջավայրից բացի սոցիալական գործոնների խմբին են դասվում երեխայի ակտիվության սոցիալական ձևերը: Մարդկային գոյատևման հիմնական ձևը շարժումն է: Ակտիվությունը կենդանի օրգանիզմի հատկությունն է, զարգացման կարևորագույն նախապայմանը: Պրենատալ շրջանից սկսած երեխան արձագանքում է աշխարհին ակտիվ գործողություններով: Երեխային բնորոշ են ակտիվության տարբեր դրսևորումներ, որոնք նպ­աստում են նրա ընդհանուր զարգացմանը և օգնում կողմնորոշվելու միջավայրում:

   Ֆիզիկական ակտիվությունը ապահովում է երեխայի օրգանիզմի կենսա­գործունեությունը: Իմացական ակտիվությունը նպաստում է աշխարհճանաչմանը, իսկ ինտելեկտուալ ակտիվու­-թյունը՝ ինքնահաստատմանը նոր միջավայրում: Հուզական ակտիվությունը դիմացինի հետ հաղորդակցվելու հրա­շալի միջոց է, համագործակցության առաջին դրսևորումը: Վերջապես, երեխան աստիճանաբար ձեռք է բերում սոցի­ալական ակտիվություն, որը դրսևորվում է գործունեության տարբեր ձևերով:

Գործունեության դրդապատճառը ակ­տիվությունն է: Գործունեությունը սոցիալական ակտիվության դրսևորում է, քանի որ այն ուղղված է պահանջմունք­ների բավարարմանը:

Երեխայի խաղային գործունեությունը հնարավորություն է տալիս բավարարելու նրա ակ­տիվությունն այն բնագավառներում, որտեղ անհնար են իրական գործողությունները: Խաղային գործունեու­թյան միջոցով է երեխան առաջին հերթին բավարարում իր սոցիալական ակտիվության պահանջմունքը:

Սոցիալա­կան ակտիվության դրսևորում է նաև աշխատանքային գործունեությունն՝ ուղղված աշխատանքի արդյունք ստանա­լու և հասարակության անդամ լինելու պահանջմունքը: Երեխան հակ­ված է սոցիալական ակտիվության, նա ունի դրա կարիքը, սակայն երբ այդ ակտիվությունը լիարժեք չի դրսևորվում՝ բացակայում են գործունեության դրսևորման համար անհրաժեշտ պայմանները, նա փորձում է իր սոցիալական գո­յության մասին հայտնել այլ՝ հաճախ անընդունելի եղանակներով՝ չարությամբ, գերակտիվությամբ, անկարգու­թյամբ, ագրեսիվ վարքագծով:

Վաղ տարիքի երեխաների զարգացումն ընթանում է որոշակի օրինաչափություններով, որոնք դրսևորվում են տարիքը բնութագրող առանձնահատկություններով: Վաղ տարիքի երեխաներին բնորոշ են զարգացման հետևյալ առանձնահատկությունները: 

Ֆիզիկական  և հոգեկան զարգացում

Կյանքի առաջին երկու տարիներին երեխան սովորում է տեղաշարժվել ուղղա­ձիգ քայլքի միջոցով, հաղորդակցվել խոսքի օգնությամբ, հարաբերվել առարկայական աշխարհի հետ, կառավարել սեփական մարմինը և արձագանքել աշխարհին հույզերով: Դառնում է ինքնուրույն, համեմատաբար անկախանալով մեծահասակներից:

Այս տարիքում ֆիզիկական զարգացման ձեռքբերումները դրդում են հոգեկան ակտիվության, իսկ հոգեկանի զարգացման լիարժեք ընթացքը նպաստում է երեխայի օրգանիզմի ամրապնդմանը, ֆիզիկական աճին: Ֆիզիկական, ինչպես նաև հոգեկանի զարգացման հիմքում ընկած է նյարդային համակարգի հասունացումը, բարձրագույն նյարդային գործունեությունը:

Պայմանական ռեֆլեքսների ձևավորում

Վաղ տարիքը՝ պայմանական ռեֆլեքսների ձևավորման շրջան է: Պայմանական ռեֆլեքսների միջոցով իրականացվում է երեխայի ֆիզիոլոգիական կապն արտաքին աշխարհի հետ: Պայմանական ռեֆլեքսների ձևավոր­վող համակարգը նպաստում է վարքի ընդունված (ստերեոտիպային) ձևերի յուրացմանը, կողմնորոշմանը տարա­ծության մեջ:

Զգայարանների զարգացում

Վաղ տարիքի երեխաներին բնորոշ է զգայական գործառույթների բուռն զարգացում, որոնք առաջան­ցիկ են շարժումների հետ համեմատությամբ (կենդանիների մոտ ճիշտ հակառակն է): Զգայական գործընթաց­ների առաջնային զարգացումն ապահովում է հուզական աշխարհճանաչումը և նպաստում առարկայական աշխար­հի անմիջական ընկալմանը:

Զգայարանների գործունեության արդյունքում ձևավորվում են տեսողական և լսողական, համի և հոտի, գունային և տարածական զգայություններ, որոնք իմաստա­վորում են աշխարհճանաչման գործընթացը: Երեխայի մտավոր զարգացման հիմքում ընկած է զգայությունների և ընկալման զարգացումը: Պատահական չէ, որ մտավոր դաստիարակաթյան հայտնի համակարգերը կառուցված են զգայական զարգացման, մասնավորապես զգայական նմուշների յուրացման հիման վրա (Ֆ Ֆրյոբել, Մ.Մոնտեսորի, Օ.Դեկրոլի, Լ.Ա.Վենգեր, Ն.Պ.Սակուլինա):

Խոսքի և հաղորդակցության զարգացում

Վաղ տարիքը երեխայի խոսքի բուռն զարգացման շրջան է: Եթե մեկ տարեկան երեխան օգտագործում է 10-15 բառ, ապա երեք տարեկան երեխայի ակտիվ բառապաշարը բաղկա­ցած 1.000-ից ավելի բառերից: Ակտիվ խոսքի կարողությունները պայմանավորված են աստիճանաբար հարստացող պասիվ բառապաշարով, որը զգալի հզոր է ակտիվից: Խոսքի ձևավորումը վաղ տարիքում ընթանում է հետևյալ հա­ջորդականությամբ. սկզբից ընկալվում և յուրացվում է բառերի իմաստային նշանակությունը, և այդ բառերն իրենց տեղն են գտնում երեխայի պասիվ բառապաշարում, որից հետո համապատասխան հարմար իրավիճակում դրանք ակտիվանում են, այն է՝ սկսում են օգտագործվել ակտիվ խոսքում և փոխանցվում են, կարծես, երեխայի ակտիվ բա- ռապաշար:

Վաղ տարիքի ամենակաևոր ձեռքբերումը խոսքային հաղորդակցումն է, որն արդյունք է խոսքի տիրապետման և մտածողության զարգացման: Հայտնի է, որ խոսքի և մտածողության զարգացման գործընթացները փոխկապված են, որ խոսքը՝ մտածողության գործիքն է: Երեխան սկսում է «խոսել» նախախոսքային ձևերով (գեղգեղանք, թոթովանք) կյանքի առաջին տարվա ընթացքում, հետևաբար պետք է ենթադրել, որ նա նաև մտածում է: Ժ.Պիաժեի, Լ.Ա.Վենգերի, Ս.Լ.Նովոսյոլովայի, Վ.Ս.Մուխինայի հետազոտություններն ապացուցում են, որ մտածողության առաջին դրսևորումներն ի հայտ են գալիս կյանքի երկրորդ տարվա շեմին՝ առարկաների միջև որոշակի կապ փնտրելու նպա­տակով գործնական քայլեր կատարելու ձևով: Նշված գործնական քայլերը կամ պրակտիկ գործողություները ակնա- ռու-գործնական մտածողության առաջին դրսևորումներն են:

Խոսքի միջոցով արտահայտվում է նաև երեխայի զգայական փորձն ու հիշողությունը: Հիշողության և ուշադրու­թյան զարգացման շնորհիվ երեխան մտածում է և փորձում խոսքի միջոցով բացատրել սեփական գործողություննե­րը: Վաղ տարիքում գործողություններն առարկայական են՝ ուղղված առարկայական աշխարհի ճանաչմանը:

Առարկայախաղային գործունեություն

Վաղ տարիքում ձևավորվում է առարկայական գործունեությունը, որը նպաստում է երեխայի հոգեկան զարգացմանը և համարվում է առաջատար վաղ մանկության շրջանում: Առարկայական գործունեության զար­գացումն ընթանում է ընդօրինակման եղանակով և պայմանավորված է մեծահասակների հետ խոսքային հաղորդակցմամբ: Ընդօրինակումը վաղ տարիքի երեխաների զարգացման, ինքնուրույնության դր­դող հիմնական մեխանիզմն է: Առարկայական գործունեությունը հիմք է հանդիսանում նաև նախադպրոցական ման­կության շրջանում առաջատար՝ խաղային գործունեության ձևավորման համար:

    Խաղային գործունեության տարրե­րը սկսում են դրսևորվել երեխայի առարկայա-խաղային ակտիվության պայմաններում, երբ ինքնուրույն առարկա­յական գործողությունների արդյունքում առարկաների նկատմամբ առաջանում է խաղային վերաբերմունք: Երեխա­յի առարկայախաղային ակտիվությունը դրսևորվում է հետևյալ ձևով.

  • երեխան փորձում է առարկաներն օգտագործել տարբեր նպատակներով
  • համադրում և հաճախ միավորում է առարկաների հիմնական գործառույթները
  • փորձում է գտնել առարկաների կիռարման հետաքրքիր եղանակներ, վերագրելով դրանց անսովոր նոր գործա­ռույթներ
  • առարկաները սկսում է օգտագործել որոշակի դերային նշանակությամբ
  • շնչավորում է առարկաները և շփվում դրանց հետ խոսքի միջոցով, խոսում է՝ բացատրելով սեփական գործողու­թյուններն ու նպատակները, վերաբերվում նրանց իբրև շնչավոր մասնակիցների
  • խոսքային հաղորդակցման և նշված վերաբերմունքի արդյունքում կառուցվում է սյուժե
  • առարկաների բազմաֆունկցիոնալ օգտագործման հիման վրա ձևավորվում է առարկաները մեկը մյուսով փոխա­րինելու կարողությունը, փոխարինման գործառույթը դառնում է գերակշռող խաղային գործունեության ընթացքում

Այսպիսով, առարկայական գործունեության հիման վրա գոյանում է առարկայախաղային գործունեությունը, որն աստիճանաբար վերափոխվում է արտացոլող բնույթի սյուժետադերային խաղի:

Խաղային գործունեության նախա­դրյալների հետ մեկտեղ առարկայական գործունեությունը պայմաններ է ստեղծում և նպաստում է արդյունավետ գեղարվեստական գործունեության (նկարչության, ծեփի, կառուցողական գործունեության) տարրերի դրսևորմանը:

Ձևավորված առարկայական գործունեությունը խթանում է երեխայի կողմից սեփական ցանկությունները ինքնու­րույն գործողություններով բավարարելու գործընթացը, ինչն իր հերթին հիմք է հանդիսանում երեք տարեկանի շեմին կարևորագույն հոգեկան նորագոյացության՝ «Ես ինքս» գիտակցության զարգացման համար:

 Երեխայի սոցիալական զարգացումը

    Վաղ տարիքը երեխայի անձնավորության ձևավորման առաջին փուլն է, քանի որ առաջին սոցիալական փորձը նույնպես ձեռք է բերվում այս տարիքում: Երեխայի կենսական պահանջների լիարժեք բավարարման պայման­ներում կյանքի առաջին ամսից աստիճանաբար ի հայտ են գալիս սոցիալական բնույթի պահանջմունքներ, որոնք ենթակա են բավարարման միայն մեծահասակների հետ անմիջական շփման ընթացքում: Դրանք են՝

  • հաղորդակց­ման
  • դրական հուզականության
  • մարդկային կենսակերպի ձևերի և հարաբերությունների յուրացման պահանջմունքները

Հետազոտությունների համաձայն երեխայի առաջին սոցիալական արձա­գանքը դրսևորվում է 1.5-2 ամսականում: Այն սոցիալական պահանջմունքների բավարարման կանչ է և դրսևորվում է հուզաշարժողական հետևյալ ռեակցիաների ձևով.

  • ձեռքերի և ոտքերի ակտիվ շարժումներով
  • դիմախաղով, մասնավորապես, ժպիտով և աչքերի փայլով
  • առանձին հնչյունների անմիջական արտաբերմամբ

   Սոցիալական զարգացումը վաղ տարիքում ընթանում է արագ տեմպերով և ուղղակի պայմանավորված է մեծա­հասակների ակտիվ մասնակցությամբ:

Երեխան վաղ տարիքում իր սոցիալական առաջին փորձը ձեռք է բերում մեծահասակների օգնությամբ, որոնց հետ ակտիվ համագործակցելով յուրացնում է մարդկային փոխհարաբերությունների բնույթը, սովորում է սեփա­կան ցանկություններն ու զգացմունքները դրսևորել որոշակի վարքագծով: Երեխայի կողմից սեփական ցանկու­թյունների համադրումը գործողությունների հետ հնարավոր է դարձնում բարոյական դաստիարակության նպատա­կասլաց գործընթացը: Բարոյական դաստիարակությունը նույնպես սկսվում է վաղ տարիքից:

Վաղ տարիքում զարգացմանն ու դաստիարակությանը նպաստում է երեխայի մեծահասակների հետ ամ­բողջություն կազմող «Մենք» կառույցը, որը թելադրում է զարգացման համապատասխան սոցիալական իրադ­րություն և հարաբերությունների համակարգ: Նշվածը հիմք ընդունելով, կարելի է ենթադրել, որ երեխան «Մենք» հա­մակեցության պայմաններում չափազանց ընկալունակ է դաստիարակության և ուսուցման հանդեպ, հետևաբար արդյունավետ են մանկավարժական այն գործընթացները, որոնք նպաստում են վաղ տարիքի երեխայի պոտենցի­ալ հնարավորությունների բացահայտմանն ու զարգացմանը:

Վաղ տարիքի երեխայի նյարդային համակարգին բնորոշ է նյարդային գործունեության անհավասարակշռվածությունը (գրգռման գործընթացը գերիշխող է արգելակման գործընթացի նկատմամբ), դրանով է պայ­մանավորված փոքր երեխաների ցածր աշխատունակությունը: Միևնույն ժամանակ, երեխայի բարձրագույն նյար­դային գործունեությանն առանձնահատուկ է բարձր ճկունություն և ընկալունակություն: Երեխայի բարձրագույն նյարդային գործունեության նշված հատկությունը ապահովում է նրա բարձր ընկալունակությունը ինչպես ուսուց­ման, այնպես էլ դաստիարակչական ներգործությունների հանդեպ: Նյարդային համակարգի ճկունությունն ու ընկալունակությունն առավել արդյունավետ են դարձնում ցանկացած մանկավարժական գործընթաց:

Վաղ տարիքի երեխաների հիմնական ձեռքբերումներն են.

  • ուղղաձիգ քայլքն ու խոսքային հաղորդակցման կարողությունները
  • առարկայական աշխարհընկալումը, որն այս տարիքի կենտրոնական իմացական գործառույթն է
  • զգայական գործառույթների առաջնային զարգացմամբ պայմանավորված բարձր հուզականությունը
  • ակտիվ խոսքի և առարկայական գործունեության հիման վրա ձևավորվող ակնառու-գործնական մտածողությու­նը
  • մեծահասակների հետ հաղորդակցման ընթացքում ձեռքբերվող և աստիճանաբար հարստացող սոցիալական փորձը, որը երեխայի հասարակական կյանքում դրսևորվում է ինքնուրույնությամբ և ակտիվությամբ
  • գործունեության նոր ձևերի (խաղային, արդյունավետ) դրսևորումները, որոնք արդյունք են զարգացած առարկա­յական գործողությունների, կուտակված հասարակական փորձի, ինչպես նաև հիշողության և երևակայության զարգացման
  • գիտակցության խորհրդանիշային գործառույթը, «ես ինքս» գիտակցության դրսևորումները
  • սոցիալական փորձի առաջին դրսևորումները՝ հույզերը, սովորությունները և կրկնվող (որոշ չափով գիտակցված) գործողություններն ու արարքները

Երեխայի սոցիալական կարողությունների զարգացումը 

Երեխայի սոցիալական կարողությունների զարգացումն առավել արդյունավետ է լինում, երբ դաստիարակության գործընթացը կազմակերպվում է համագործակ­ցային հաղորդակցման սկզբունքով: Դաստիա­րակության համագործակցային մոտեցումը ենթադրում է գործընկերային փոխհարաբերություններ, որոնք երեխաներին ազատ շփվելու և ինքնահաստատվելու հնարավորություն են տալիս, խրախուսում են նրանց ինքնատիպ դրսևորումները, կարծիք հայտնելու և ինքնուրույն գործելու միտումները: Այս մոտեցումը նպաստում է նաև երեխայի մտքերի և երևակայության, իմացական և ստեղծագործական ակտիվության ազատ դրսևորմանը:

    Սոցիալական հա­րաբերությունների նմուշները մշակվում են մեծահասակների հետ համատեղ գործունեության ընթացքում, որոնք փորձարկվում են հասակակիցների հետ համագործակցության պայմաններում: Միևնույն ժամանակ ձևավորվում են հաղորդակցվելու և համագործակցելու կարողություններ, որոնք դրդում են բարոյական կարևորագույն հատկու­թյունների՝ կարեկցանքի, փոխօգնության, փոխզիջման, ընդառաջման ընդունակությունների ձեռքբերմանը:

Այսպիսով, համագործակցային հաղորդակցման պայմաններում տեղի է ունենում արժեքային համակարգի ձևավորում, որի տարրերը դրսևորվում են հիմնարար անձնային հատկանիշներով: Այդ հատկանիշներն արտացո­լում են երեխայի վերաբերմունքը արտաքին աշխարհի հանդեպ: Օրինակ, երեխայի հուզազգացմունքային վերա­բերմունքն արտաքին աշխարհին արդյունք է ձևավորված հուզականության և բարոյակամային հատկությունների: 

էկոլոգիական դաստիարա­կություն

Էկոլոգիական կրթության սկիզբը դրվում է նախադպրոցական տարիքում՝ հատուկ կազմակերպված էկոլոգիա­կան կամ գոյապահպան դաստիարակության միջոցով: էկոլոգիական դաստիարակությունը երեխայի էկոլոգիա­կան գիտակցության և մտածելակերպի ձևավորման, էկոլոգիական վարքագծի և մշակույթի (վարվելակեր­պի) դաստիարակության գործընթաց է: էկոլոգիական դաստիարակության նպատակը վաղ տարիքից բնության հետ երեխայի միավորումն է, բնության հանդեպ պատասխանատու հոգատար վերաբերմունքի ձևավորումը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխան նախադպրոցական տարիքում արդեն ընկալում և հասկանում է բնության մեջ գոյություն ունեցող բազմաբնույթ շղթայական կապերը, հետևաբար ընդունակ է պատկերացնելու բնության ամբողջականությունը:

Միևնույն ժամանակ, նախադպրոցականը, տարիքային առանձնահատկություն­նե­րի համաձայն,  հուզականորեն է ընկալում բնության գեղեցկությունն ու անկրկնե­լի­ությունը, հաճախ շնչավորում է նույնիսկ անշունչ առարկաներն ու բնության երևութները: Նա պատրաստ է բնության ցանկացած փոքրիկ էակի մեջ տեսնել բնության ամբողջականությունն ու գեղեցկությունը: Երեխայի աշխարհճանաչումը սկսվում է բնաճանաչողությունից: Նախադպրոցականը հաճույքով ուսումնասիրում է իրեն շրջապատող կենդանիներին և բույսերը, փորձում հասկանալ նրանց կենսակերպի առանձնահատկությունները և էական տարբերությունները մարդկանցից:

Էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցականի անձնավորության ձևավորման կարևորագույն գործոն է:

Նախադպրոցական մանկավարժության համակարգում գրեթե չեն տարանջատ­վում «էկոլոգիական դաստիարա­կություն» և «էկոլոգիական կրթություն» հասկացությունները, դրանք օգտագործվում են նույն նշանակությամբ:

Երեխայի մտավոր զարգացումը

Նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր դաստիարակության կարևորագույն խնդիրներն են.

  • ընկալման զարգացումը,
  • մտածողության զարգացումը:

Մտավոր դաստիարակության մյուս խնդիրները լրացնում և իմաստավորում են նշված հիմնական խնդիրները: Դրանք են.

  • հոգեկան իմացական գործընթացների, հատկապես խոսքի, զարգացումը (խոսքը մտածողության գործիքն է);
  • հետաքրքրասիրության և ճանաչողական հետաքրքրությունների զարգացումը (իմացական գործունեության հիմ­նական դրդապատճառը ճանաչողական հետաքրքրությունն է);
  • տարրական գիտելիքների համակարգի ձևավորումը (համակարգված գիտելիքներն են երեխայի մտավոր զար­գացման հենքը, պայմանը):

Երեխան ի սկզբանե հետաքրքրասեր է: Ի.Մ.ՍԵչենովը երեխայի աշխարհը ճանաչելու ներքին ցանկությունը համարել է բնածին նյարդահոգեկան հատկություններից «ամենաթանկարժեքը»:

Մտավոր դաստիարակության ընթացքում չափազանց կարևոր է պահպանել երեխայի բնածին հետաքրքրասիրու­թյունը և, այն հիմք ընդունելով, ձևավորել մտավոր գործունեության իմացական դրդապատճառներ:

Նախադպրոցա­կան տարիքում երեխայի մտավոր և իմացական գործունեության դրդապատճառները փոփոխական են և ձեռք են բե­րում իմացական բնույթ միայն այդ ուղղությամբ տարվող հատուկ մանկավարժական աշխատանքի շնորհիվ: Նպատակային մանկավարժական աշխատանքը նպաստում է բնածին հարցասիրության զարգացմանը և աշխարհի հան­դեպ իմացական վերաբերմունքի ձևավորմանը: Նախադպրոցական տարիքում շրջապատող իրականության հանդեպ իմացական վերաբերմունքը դրսևորվում է հետաքրքրասիրության և ճանաչողական հետաքրքրություննե­րի ձևով: Նշված երկու ձևերը երեխայի իմացական վերաբերմունքի արտահայտման տարբեր եղանակներ են, որոնք առանձնանում են զարգացման աստիճանով և դրսևորումների գիտակցվածության չափով:

    Հետաքրքրասիրությունը իմացական ակտիվության յուրահատուկ ձև է, որն արտահայտվում է ամեն բան իմանալու, որևէ գործունեության մեջ ներգրավվելու, առանց տարբերակման ճանաչելու ցանկությամբ: Հետաքրք­րասեր երեխան ունի ամեն ինչ իմանալու, ամեն տեղ ակտիվ մասնակցելու բուռն ցանկություն։ Նրա համար էական չէ, թե ինչ է ճանաչելու, նրան հետաքրքրում է իմացության ընթացքը: Ս.Լ.Ռուբինշտեյնը և Դ.Պ.Գոդովիկովան իմացական ակտիվության այս ձևը բնութագրել են որպես իմացության «չտարբերակված» ձգտում:

Հետաքրքրասիրությունը սկզբնական շրջանում հանդես է գալիս իբրև իմացական ակտիվության ձև և աստիճա­նաբար վերածվում է անձնային հատկության, որակի: Հետաքրքրասիրությունը նախադպրոցական տարիքում դրսևորվում է հետևյալ ձևերով.

  • ընդհանուր ակտիվությամբ
  • իմացական բնույթի հարցերի առկայությամբ
  • որոնողական, փորձարարական գործունեությամբ զբաղվելու ցանկությամբ

Հետաքրքրասիրության խթանումը նշված երեք եղանակներով օրինաչափորեն նպաստում է շրջապատի հանդեպ ավելի բարդ և որակյալ իմացական վերաբերմունքի ձևավորման: Հետաքրքրասիրության հիման վրա ձևավորվում են իմացական կամ ճանաչողական հետաքրքրություններ, որոնց շնորհիվ երեխան ընդլայնում է իմացության սահ­մանները և փորձում ամենայն խորությամբ, տարբերակված և նպատակաուղղված ուսումնասիրել իրեն հետաքրքրող ոլորտը: Իմացական հետաքրքրությունը տարբերակված և ընտրովի իմացական վերաբերմունք է արտաքին աշ­խարհին, այն դրսևորվում է նորը ճանաչելու, անհայտը պարզելու, հետաքրքրող երևույթի էություն ներթափանցելու, ներքին կապերն ու հարաբերությունները հասկանալու ցանկությամբ: Իմացական հետաքրքրությունն արդեն նպատակաուղղված իմացական ակտիվություն է, որի հիմքում ընկած է ակտիվ մտավոր գործունեությունը: Իմա­ցական հետաքրքրությունների առկայությունը նպաստում է գործունեության ընթացքում երեխաների ինքնուրույնու­թյան, կամային որակների, դրական հուզականության դրսևորմանը, մտավոր և պրակտիկ գործունեության կայացմանը: Իմացական հետաքրքրությունը դրսևորվում է ոչ միայն իմացության գործընթացում, այլև երեխայի ստեղծա­գործական գործունեության ձևերում՝ նկարներում, հորինած պատմություններում, խաղերում: 

    Իմացական ակտիվության և  հետաքրքրությունների ամենավառ դրսևորումը հարցերի առկայությունն է: Երեխաների հարցերի բովանդակությունը տարբեր է: Դրանք կարող են լինել կենցաղային, ընդհանուր և իմացական բնույթի: Երեխայի հարցերի հիմքում ընկած է իմանալու ցանկությունը, աղբյուրը՝ կուտակված փորձն է: Փորձի հար­ստացման հետ մեկտեղ փոխվում է երեխաների հարցերի բովանդակությունն ու բնույթը: Մտավոր դաստիարակու­թյան ընթացքում մեծ նշանակություն ունի երեխաների հարցերին պատասխանելու արվեստը: Երեխաների հարցե­րին պատասխանելիս կարևորագույն մանկավարժական պահանջը՝ դրանց նկատմամբ համբերատար, հարգալից և հոգատար վերաբերմունքն է, պատասխանների ճշմարիտ և ուսուցանող բնույթը: Մտավոր գործունեության զար­գացմանը նպաստում են մեծահասակներին ուղղված իմացական բնույթի հարցերին կարճ և որոշակի, երեխայի հե­տաքրքրու­թյունը պահպանող և հետագա իմացության դրդող պատասխանները:

Այսպիսով, համապատասխան մանկավարժական պայմաններում երեխայի հարցասիրությունը զարգանում է հե­տաքրքրասիրության, իսկ հետաքրքրասիրու­թյունը վերածվում է իմացական գործունեության դրդապատճառի՝ իմացական հետաքրքրության:

Ուսուցման մեթոդներ

Նախադպրոցական դիդակտիկայում կիրառվում են  ժամանակակից խաղային և ակտիվ ուսուցման մեթոդներ: 

Խաղային մեթոդներ

Նախադպրոցականի ուսուցման պրակտիկայում առավել արդյունավետ են խաղային մեթոդները: Խաղա­յին մեթոդների առավելությունները պայմանավորված են խաղային մթնոլորտի բարձր հուզականությամբ, երեխայի համար խաղի բնական և հոգեհարազատ բնույթով:

Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները: Սակայն ուսուցմանը հատուկ ուղղված են դիդակտիկ խաղերը, որոնք կատարում են երկու կարևորագույն գործառույթ.

  • խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացումը
  • նպաստում են գիտելիքների ամրապնդմանը, գործածմանը և կատարելա­գործմանը

Հետաքրքիր խաղային մեթոդ է երևակայական իրադրությունների խաղարկումը, որի ընթացքում երեխայի գի­տելիքները և կարողությունները ձեռք են բերվում պարտադրված դերային գործողությունների միջոցով:  Ուսուցման խաղային մեթոդները խաղային հնարների բազմազանության հաշվին ունեն տարբերակված կիրա­ռության լայն հնարավորություններ և հաջողությամբ օգտագործվում են նախադպրոցականին բոլոր ուղղություններով զարգացնելու ընթացքում: Զարգացման հրաշալի մեթոդ է խաղի յուրաքանչյուր տեսակ:

Ուսուցման գործնա­կան մեթոդները

Նախադպրոցականի ուսուցման գործընթացում այսօր առաջատար են համարվում ուսուցման գործնա­կան մեթոդները, որոնց խմբին դասվում են տարատեսակ

  • վարժությունները
  • փորձերը, փորձարարությունը (հետազոտումը)
  • մոդելավորումը

    Վարժությունները լինում են տարբեր բնույթի՝ ընդօրինակող, կառուցողական և ստեղծագործական: Ուսուցանող, աստիճանաբար բարդացող վարժություններն իրենց ուրույն տեղն են զբաղեց­նում նախադպրոցականի մտավոր դաստիարակության համակարգում: Վարժությունները հետաքրքրում են երեխա­ներին նրանով, որ դրանք օգտագործվում են ուսուցման ընթացքում որպես խաղային, պրակտիկ կամ աշխատան­քային գործունեության մասնաբաժիններ և նպաստում են մտավոր զարգացմանը միջնորդված եղանակով:

    Փորձերի և փորձարարության դերը անգնահատելի է ժամանակակից դիդակտիկայում Փորձարարության ցան­կությունը բնորոշ է նախադպրոցական տարիքի երեխաներին, նրանք միշտ պատրաստ են ուսումնասիրելու երևույթ­ների ներքին հատկություններն ու կապերը զանազան փորձերի, փորձարկումների միջոցով: Փորձարարությունը երեխայի որոնողական գործունեության յուրահատուկ ձև է, ներքին ակտիվության վառ դրսևորում: Երեխաների որո­նողական, փորձարարական գործունեությունը պրոբլեմային ուսուցման հիմնական եղանակն է:

    Մոդելավորումը համեմատաբար նոր մեթոդ է, որի հիմքում ընկած է ուսուցանվող նյութի ներկայացումը պայմա­նական նմուշի՝ մոդելի ձևով: Մոդելը ուսուցանվող օբյեկտի բոլոր հատկությունները ամփոփող պատկերն է՝ ներկա­յացված փոխարինման սկզբունքով: Օրինակ, խմբասենյակը փոխարինվում է սենյակի հատակագծի մոդելով: Կամ, հեքիաթը ներկայացվում է սխեմատիկ նկարի, պատկերագրի (պիկտոգրամի) ձևով:

Նախադպրոցականի ուսուցման գործընթացում օգտագործվում են մոդելների հետևյալ ձևերը.

  • առարկայական մոդելներ՝ ուսումնասիրվող առարկան պատկերող նկար կամ նմուշ-խաղալիք
  • առարկայասխեմատիկ մոդելներ՝ ուսումնասիրվող երևութը բնութագրող ընդհանրացված պատկեր կամ սխեմա (օրինակ, բնության օրագիրը, ուր բնության երևույթները արտահայտվում են սիմվոլներով)
  • վերացական մոդելներ՝ սխեմաներ, դիագրամներ, պիկտոգրամներ (սխեմատիկ նկարների շարք)

Պատկերագրի (պիկտոգրամայի) օրինակ է հեքիաթի մոդելավորումը: Հեքիաթի պիկտոգրամայի տարբերակը  առաջարկվել և նկարագրվել է Օ.Մ. Դյաչենկոյի կողմից: Նա առաջարկում է քայլերի հետևյալ հաջորդականություն. հեքիաթը ընթերցվում է և բաժանվում է տրամաբանական մասերի, դրանց երեխան տալիս է անուններ՝ վերնագրում է, որից հետո փորձում է նկարել յուրաքանչյուր մասի ընդհանուր իմաստը: Արդյունքում, ստացվում է պայմանական նկարների հաջորդականություն՝ պիկտոգրամ կամ հեքիաթի ապերցեպտիվ սխեմա:

Երեխայի մտավոր զարգացման գործում մոդելավորման մեթոդի դիդակտիկ հնարավորությունները բազմաթիվ են և բազմանպատակ: Մոդելավորման մեթոդը ուսուցման ամենահեռանկարային մեթոդներից մեկն է:

Ակտիվ ուսուցման մեթոդներ

Ժամանակակից նախադպրոցական դիդակտիկայում իրենց հաստատուն տեղն են աստիճանաբար գրա­վում ակտիվ ուսուցման մեթոդները, որոնք հայտնի են որպես փոխներգործուն կամ ինտերակտիվ մեթոդներ: Ակտիվ ուսուցման մեթոդները համահունչ են պրոբլեմային և միջնորդված ուսուցման սկզբունքներին և ուղղված են երեխայի որոնողական և իմացական գործունեության ձևավորմանը, ազատ մտածելու, կարծիք հայտ­նելու կարողությունների զարգացմանը, ինքնուրույն կողմնորոշմանը: Դրանք խմբային մտավոր աշխատանքի եղանակներ են՝ ուղղված համատեղ մտորումների և որոնումների քն­նարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու իրագործմանը: Ուսուցման փոխգործուն մեթոդները համապա­տասխանում են անձնակենտրոն ուսուցման սկզբունքներին, համահունչ են նախադպրոցական կրթության ոազմավարությանը:

Ուսուցման գործընթացը մանկապարտեզում կազմակերպվում է երեք հիմնական ձևերով: Ուսուցման կազմակերպման դեռևս ամենատարածված ձևը պարապմունքն է: Պարապմունքների կազմակերպումը մեծ վարպետություն է պահանջում մանկավարժից: Այսօր առավել արժեքավոր են համարվում համալիր բնույթի պա­րապմունքները, որոնց ընթացքում դիդակտիկ խնդիրները լուծվում են երեխաներին ներգրավելով գործունեության տարբեր ձևերի մեջ: Մշակվում են նաև ինտեգրված պարապմունքներ, որոնց ընթացքում երեխային ներկայացվում են նույն դիդակտիկ նպատակին ծառայող գիտելիքներ տարբեր ոլորտներից:

Ուսուցման կազմակերպման բավական արդյունավետ ձև է էքսկուրսիան, որը նախապես պլանավորվում և անցկացվում է հատուկ մեթոդիկայով: Ուսուցանող էքսկուրսիան, ինչպես և պարապմունքը, բաղկացած է երեք մա­սից. նախապատրաստական, հիմնական և ամփոփող:

Նախադպրոցական դաստիարակության հայեցակարգի համաձայն, նախադպրոցականի ուսուցման կազմակերպման ամենաարդյունավետ, հետևաբար հիմնական ձևը դիդակտիկ խաղն է, որն աստիճանաբար փոխարինելու է ուսուցման կազմակերպման «դասային» ձևերը:

Ուսուցման գործընթացը շարունակվում է նաև պարապմունքներից և դիդակտիկ խաղերից դուրս՝ ազատ ժաման­ցի, հանդեսների և տոնակատարությունների, զբոսանքի, խաղերի ընթացքում: Ուսուցման կազմակերպման ավան­դական ձևերը պարբերաբար կատարելագործվում են, մշակվում են և մանկապարտեզ են մուտք գործում ուսուցման կազմակերպման նոր ձևեր:

Դրանցից են.

  • ինտելեկտուալ խաղերը
  • խաղ-բանավեճերը
  • խաղ-մրցույթները

Ուսուցման գործընթացը նախադպրոցական տարիքում ուղղված է երեխայի անձի զարգացմանը, այն լրացնում է նախադպրոցականի դաստիարակության բարդ գործընթացին:

Աշխատանքի ընթացքում կիրառվել են նաև՝

  • Խաղային մեթոդ
  • Գործնական ուսուցման մեթոդ
  • Ակտիվ ուսուցման մեթոդ
  • Ընդհանուր հարցուպատասխանի մեթոդ
  • Հարցադրումների մեթոդ

Հարցերի ձևերը

Բաց հարցեր — միանշանակ պատասխան չունեն կամ մանրակրկիտ պատասխան են ենթադրում

Փակ հարցեր — ենթադրում են միանշանակ կամ միաբառ պատասխան

Հաստ հարցեր — ենթադրում են ծավալուն պատասխան

Բարակ հարցեր — ենթադրում են կարճ՝ մեկ, երկու բառով պատասխան

Գլուխ 2-րդ․  Ազգագրություն.  Ազգային, ծիսական, շարժուն խաղերի նկարագրություն 

Ազգային ծեսը մանկան ընդհանուր զարգացման միջոց

«… Ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով»:

Արթուր Շահնազարյան

Ազգային ծեսն այն միջավայրն է, որտեղ բոլորը, ազգի մշակույթը յուրացրած,  ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, որոնելու, հայտնաբերելու, երևակայելու, իմացածը կիրառելու լայն հնարավորություն  ունեն: Այն մանկան ընդհանուր զարգացման համար ստեղծում է պարարտ հող՝ մի շարք խնդիրների լուծման համար:

Բնության մեջ ապրող երեխան ճարպիկ է, գործունյա, անվախ, ուժեղ, խելացի, սրամիտ, համարձակ և այլն, որովհետև միայն այդպիսի հատկություններ ունեցողը կարող է ոչ միայն գոյատևել այդ միջավայրում, այլև լիարժեք անդամը լինել, մասնակից լինել միջավայրի ինչպես ամենօրյա գործունեությանը, այնպես էլ իր անձնային հետաքրքիր որակներով այն փոխել, զարգացնել: Մանուկը ստեղծել է այնպիսի խաղեր, որտեղ օգտագործել և ցուցադրել է իր մտավոր և ֆիզիկական կարողությունները, ստեղծագործական երևակայությունը: Խաղի միջոցով լուծվում են խնդիրներ, որոնք կյանքը դնում է մանկան թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, թե՛ հոգևոր զարգացման ընթացքի վրա: Հենց այս պատճառով էլ խաղը դառնում է ծիսական միջավայրում ներառվելու միջոց: Ամեն տարիք իր չափով է ներառվում այդ գործընթացին, խաղում իր տարիքին բնորոշ հմտությամբ: Զարգանում է իրավիճակն ըմբռնելու  կարողությունը, մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը,  մկանների  լարումը, ինքնուրույն աշխատելու, վերլուծելու, համադրելու, շոշափելու, ուսումնասիրելու, իր դիտողությունները հաղորդելու կարողությունը, երևույթների մեջ կապ գտնելու, ճիշտ կողմնորոշվելու, շարժումներին տիրապետելու կարողությունը, հարստացնում է բառապաշարը և այլն: Ազգային ծեսերի խաղարկման մեջ մանուկը հիմնականում կարող է ընդգրկվել իր տարիքին համապատասխան ծիսական գործողություններ կատարելով, ծիսական և մանկական խաղեր խաղալով: Ծեսն ամբողջությամբ իմանալու, ըմբռնելու և իրենը դարձնելու համար հարկավոր է անպայման մասնակից լինել, ներառվել նախապատրաստման գործընթացին, ծիսական միջավայրի ստեղծմանը, միասին պատրաստել ծիսական պարագաներ, ծիսական կերակուրներ, սովորել ծիսական ազգային երգեր, պարեր, ծեսի խաղարկման ընթացքում իմանալ իր դերը, գործողությունների այն բաժինը, որն իրենն է: Իսկ մեծերն էլ պետք է իմանան, որ այդ ամենը հավասարապես հարկավոր է բոլորին, ըստ այդմ էլ՝ բոլորը հավասար մասնակից են՝ իրենց կարողությունների սահմաններում: Այս դեպքում մանուկը, ինչպես նաև մեծը, կլինի ծեսն իմացող, կրող, փոխանցող: Շատ կարևոր է այս ամենը ներմուծել ընտանեկան միջավայր, որտեղ սիրելի, հարազատ մարդկանց հետ մանուկը ավելի վստահ, համարձակ ու ազատ կգործի՝ ժառանգելով ամենակարևորը՝ ազգային մշակութային արժեքները: 

Ազգային բակային խաղերի նկարագրություն

Մածուն ծախեմ

Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը, որ անկյունից զուրկ է՝ սրան-նրան ասում է.
— Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
— Ես չեմ ուզում, այսինչը կուզի:
Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը:
Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:

Պախկվոցի
Նա, ով պետք է աչքերը փակի, կանգնեցնում են պատի առջև: Նա  հաշվում կամ արտասանում է, իսկ մյուսները թաքնվում են: Աչքերը փակողը  բաց է անում աչքերը և սկսում որոնել թաքնվածներին: Եթե մեկին գտնում է, ձեռքով խփում է, իսկ երբ չի կարողանում խփել. թաքնվողը վազում բույնն է հասնում, թքում է, ազատում է, եթե ոչ՝ ինքն է փակում աչքերը:

Մուկն ու կատուն  

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Աղջիկ փախցնոցի  

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.

— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Մուկկատու

Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

Գայլն ու ոչխարը

Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը` գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթե գայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:

Գործնագործ  

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից:
Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

Ես բարձր եմ, դու` ցածր  

Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

— Տակդ ի՞նչ կա:
-Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
-Վրեդ ի՞նչ կա:
-Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Ճլոթ  

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:

Պապը հարցնում է.

-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Գդակ թռցնել
 

Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:

Խնոցի-հարոցի  

Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

կամ`

-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Ծիտը քարին

Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
-Ծիտը քարին:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:

Խաշիլ ճաշ 

10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում ,և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնումէ.

— Ա՜յ թռչուն, ա՜յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
— Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
— Ո՞ւմ համար
— Իմ ճուտերի:
— Կտա՞ս իմ ճուտերին:
— Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:

Զանգակի խաղ 

Ծառից կամ գետնին ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում են թաշկինակով ու պարանները տալիս ձեռքները: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:

5 քար 

Խաղում են 10 հոգով:
Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշը՝ հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ: Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին: Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են և գնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է, նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.

-Գռտու-գռտու, ձագերդ գտի:

Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:

Յոթ քար 

Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

Քար փոխ

Խաղացողները բաժանվում են երկու խմբի, որոնք մեկական առաջնորդ են ընտրում: Շարքայիններից մեկը առաջնորդներին որևէ  հանելուկ է առաջարկում: Շուտ լուծողն իր խմբով հաղթող է ճանաչվում: Հաղթված բանակը չոքում է: Նրանց առջևն էլ չոքում է իրենց առաջնորդը: Հաղթող առաջնորդը կանգնում է հաղթվածի ետև:

Առաջնորդները  նախապես ծածուկ իրենց խմբերի անդամներին թռչունների և կենդանիների անուններ են դնում: Եվ հաղթող առաջնորդը կապելով հաղթված առաջնորդի աչքերըէ նրա առջև դնում է երկու քար: ապա բարձր ձայնով ասում է.

— Կամաց, կամաց, հաու՜յ գիդի Ագռավ, հա՜:

Նա դրանով նկատի ունի իր խմբի ագռավի  անուն կրող անդամին, որը կամացուկ մոտենում է քարերին և դրանք իրար խփելուց հետո վերադառնում տեղը:

Հաղթող առաջնորդը բացում է կապված աչքերը և առաջարկում է գտնել ագռավին: Եթե նա ագռավին գտնում է խմբերի դերերը փոխվում են և խաղը նույնությամբ շարունակվում է:
Քարարձան

Խաղացողները բաժանվում են երկու խմբի և վիճակով որոշում խփողն ու խուսափողը:

Վերջիններս ցրվում են դաշտում, իսկ առաջինները ձգտում են թեթև խփելով քարացնել: Խաղն ավարտվում է բոլոր խուսափողներին քարացնելուց հետո, և դերերը փոխելով նույն ձևով կրկնում են: Այս դեպքում քարացնողները մեկ միավոր են շահում:

Հեղինակ՝ Տաթև Մելքոնյան

                                            Ազգային խաղեր 

Մամի, մամի, խաղողը հասե՞լ է

Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.

—  Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:

Մյուսը պատասխանում է.

—  Հասել է, հասմըսել է,
Շանը կտամ, գելին կտամ,
Քեզ մի ճութ չեմ տա:
—  Ինչո՞վ գամ` որ տաս:
—  Դհոլ — զուռնով:

Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն «նվագելով»,  շարքի առջևից  գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով, մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
—           Մամին կասի` սխտոր ծեծեք:
Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում` բացականչելով.
—           Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
—           Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
—           Քաշենք` երկարի:
Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:

Նանինանի

ա. Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը ձեռքերի մատները մի փոքր իրարից հեռացրած, ձեռքերի մատների ծայրերը պահում են իրար դիմաց և հպում իրար` պատկերելով թոնրի ձև: Մյուսը, ցուցամատը դնելով դիմացի խաղընկերոջ ճկույթների միացման տեղին, ասում է.
—  Նանի, նանի, կրակ տուր:
—  Ելի վերի թաղը (թարեքը, թառը):
Այսպես կրկնվում է` բարձրանալով մինչև ցուցամատ: Հասնելով ցուցամատին (թոնրի շրթին), ասում է.
— Նանի, նանի, որ կաթը դնեմ թոնիրը` տաքանա, հո շուն չկա՞:
— Չկա, չկա:
Խաղացողը ձեռքը` իբրև կաթ, իջեցնում է «թոնիրը»: Թոնիրը ցուցադրող երեխան արագ փակում է թոնիրը` ասելով.
—  Հաֆ, հաֆ, հաֆ…

բ. Նույն խաղում են, վերջում ասելով.
—  Հաց որ թխեմ` հո շուն չկա՞:
—  Չկա, չկա:

«Հաց թխողը» ծափ է տալիս և աջ ձեռքով «հացը խփում» թոնրի աջ շրթին: Նույնը կատարում է` խփելով ձախ շրթին: «Թոնիրը», որսալով հարմար պահ, արագ փակվում է` բռնելով խաղացողի ձեռքը և ասում.
—  Հաֆ, հաֆ, հաֆ:

գ.   —  Նանե, նանե, կրակ տուր:
—  Ելի վերի թաղեն:
—  Հուդա ճնճուղ մի կար, ի՞նչ էղավ.
—  Թռավ դիզու գլոխ.
—  Դեզն ի՞նչ էղավ.
—  Կով կերավ.
—  Կովն ի՞նչ էղավ.
—  Գել կերավ.
—  Գելն ի՞նչ էղավ.
—  Շուն կերավ.
—  Շունն ի՞նչ էղավ.
— Դռան ետև կապուկ է.
—  Խաց օր էպիկ, խո չխա՞ծե.
—  Չէ, էպե.
—  Կաթն օր դնիմ թունդիր, խո չթա՞փի.
—  Նանե, նանե, կաթը թափավ:  237էջ, 238էջ օրորոցայինների մեջ

Խնոցին հա հարեմ 

  • Խաղում են զույգերով: Երեխաներից մեկը թեթևակի շալակում է մյուսին ու, գոտկատողից վերև ընկած հատվածով ռիթմիկ առաջ ու հետ շարժում կատարելով, ասում.

—  Խնոցին հա հարեմ,                                                                                                                       Շալակեմ`սար հանեմ,

—  Խնոցին հա հարեմ ,
Շալակեմ` գետն անցնեմ,

—  Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ,

— Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

Կարելի է նույնն անել` ասելով.
-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

«Ջրաղաց»

Երեխաներից մի քանիսը դառնում են ջրաղացի պտտվող անիվ, որին պտտում է ջուրը(նույն քանակով երեխաներ, որոնցից յուրաքանչյուրը բռնում է անիվ դարձած երեխաներից մեկի ձեռքից) և, թեթև, ռիթմիկ քայլերով  պտտվելով, ռիթմիկ վանկարկում. «Գառ, գոռ, գուռ»: Երեխաներից մի քանիսը դառնում են ջրաղացի քար: Երբ անիվն սկսում է պտտվել, ջրաղացի քար դարձած երեխաները, ձեռքերն իրար ուսի վրա դրած, պտտվում են ու ռիթմիկ  վանկարկում. «Չախկ, չոխկ, չուխկ»` միաժամանակ   հարվածելով ոտքերով: Քիչ անց ջրերն ու անիվը դառնում են ցորեն և մոտենում  ջրաղացքարին: Վերջինս  տեղում կանգնելով և շարունակելով վանկարկումը, մի տեղ է բացում ցորենի համար: Ցորենը, վանկարկելով՝ «Թափ, թոփ, թուփ», մտնում է շրջանի մեջ: Ջրաղացքարը միանում և շարունակում է պտտվել: «Ցորեն» երեխաները ցուցադրում են ցորենի աղալը՝ անկանոն թռչկոտելով, զմփիկներով և այլն: Քիչ անց քարը նորից կանգնում է` չդադարեցնելով վանկարկումն ու քայլքը: Այս անգամ, վանկարկելով՝ «Փառ, փոռ, փուռ», դուրս է «թափվում» ալյուրը:   Խաղի ընթացքում կարող են օգտագործվել համապատասխան  հնչողությամբ հարվածայիններ կամ շրխկաններ:  Ջրաղացի անիվի շարժումը ցուցադրելու համար երկուսով կանգնում են դեմ դիմաց, ձեռքերը հագուցում իրար և շրջանաձև պտտում մեկ` դեպի իրեն, մեկ` դեպի դիմացինը: Կարելի է նաև ձեռքերը հերթով պտտել` նախ աջը, հետո ձախը (մեկ` դեպի իրեն, մեկ` դեպի դիմացինը):

Գլուխ 3.  Գործնական մաս․ Ազգային, ծիսական, շարժուն խաղերի դերը երեխայի ֆիզիկական զարգացման գործում

Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական չափորոշիչների հիմքում ընկած է այն համոզմունքը, որ երեխաների ուսումնառությունը և զարգացումը բազմակողմանի է, քանի որ ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգանում է երեխայի խոսքը և լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները։ Հետևաբար ուսումնառության բոլոր ոլորտները կարևոր են առողջ զարգացման համար։ Ֆիզիկական դաստիարակությունը անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման կարևոր բաղադրիչն է։

Նախակրթարանում ֆիզիկական դաստիարակության նպատակն է պահպանել և ամրապնդել երեխայի առողջությունը, կոփել օրգանիզմը, ապահովել ֆիզիկական և հոգևոր ներդաշնակ զարգացումը, ժամանակին ձևավորել երեխաների շարժողական կարողություններն ու հմտությունները, զարգացնել կենսական նշանակություն ունեցող շարժումները, զարգացնել հետաքրքրություն շարժողական գործունեության զանազան ձևերի նկատմամբ, դաստիարակել՝

անձի բարոյակամային հատկանիշներ.

  • ինքնուրույնություն
  • ակտիվություն
  • մարդկային փոխհարաբերությունների կուլտուրա

ֆիզիկական որակներ.

  • ճարպկություն
  • արագաշարժություն
  • դիմացկունություն

Ֆիզկուլտուրայի յուրաքանչյուր պարապունքին իրականացվում է երեք կարևոր խնդիր՝ առողջապահական, կրթական, դաստիարակչական:

Ֆիզկուլտուրայի պարապմունքը ամբողջությամբ կազմված լինելով տարբեր բնույթի շարժումներից՝ ակտիվ աշխատանքի մեջ է ընդգրկում երեխայի օրգանիզմը: Բարելավում է գլխուղեղի աշխատանքը, սրտի և շնչառական համակարգերի գործունեությունը, արագանում է նյութափոխանակությունը, ամրանում են հոդակապերը, ջլերը, մեծանում է ողնաշարի ճկունությունը: Երեխան ճանաչում է իր մարմինը, բացահայտում է իր շարժողական կարողությունները: Գիտելիք է ստանում բնության, կենդանիների, մարդկանց, բնական նյութերի, տարածության և ժամանակի վերաբերյալ:

Կարևորելով երեխայի ֆիզիկական զարգացումը՝ պետք է հիշել, որ չափից ավելի կամ միակողմանի ֆիզիկական ծանրաբեռնումը շատ ավելի վտանգավոր է, քան դրա բացակայությունը: Այս առումով կարևոր է պարապմունքի ճիշտ պլանավորումը, որը հնարավորություն է տալիս շափավորելու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, աստիճանաբար և զգույշ ավելացնելու այն:

Ֆիզկուլտուրայի պարապմունքները պետք է նպաստեն ոսկրամկանային համակարգի կայացմանը և զարգացմանը, օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների բարձրացմանը և շրջապատի անբարենպաստ պայմաններին դիմանալուն:

Երեխաների խոշոր մոտորիկայի զարգացման հիմնական գործոնը տարիքին համապատասխան ֆիզիկական վարժություններն ու շարժախաղերն են։ Շարժախաղերը խաղային գործունեության այն տեսակներն են, որտեղ ցայտուն կերպով արտահայտվում է շարժման դերը. դրանք կազմված են տարբեր բնույթի շարժումներից (քայլք, վազք, ցատք, մագլցում և այլն)։ Շարժուն խաղերը երեխայի մոտ ձևավորում են մարմնամարզական որակներ, նպաստում ճարպկության, արագաշարժության, ճկունության, դիմացկունության, ուժի և այլնի զարգացմանը։ Այն երեխաները, որոնց շարժողական ակտիվությունը սահմանափակ է, հաճախ առողջական խնդիրներ են ունենում։ Երեխայի կողմից ֆիզիկական վարժությունների կատարումը ոչ միայն մեծացնում է նրա շարժողական ակտիվությունը, այլև խթանում է մտավոր զարգացումը, հուզականությունը, ձևավորում է կոլեկտիվիզմի զգացում և կանոններով գործելու կարողություն։  Հնարավոր չէ երեխաներին պատկերացնել առանց խաղի, որովհետև խաղը երեխաների բնական ուղեկիցն է: Ակտիվ խաղերն ու թռչկոտելը խթանում են երեխաների ֆիզիկական աճը։ Շարժուն և ակտիվ խաղերը նպաստում են երեխայի խոշոր մոտորիկայի, աճի զարգացմանը, բարեկազմությանը և առողջությանը։

Մենք՝ հայերս, ունենալով բազմադարյան պատմություն, ունեցել ենք բազմաթիվ ազգային տոներ և ծեսեր, որոնցից մի մասը տարիների ընթացքում ընթարկվելով փոփոխությունների, պահպանվել են մինչ օրս։ Իսկ ինչ ծես առանց ծիսական երգերի, խաղերգերի, խաղերի։

Երեխային ծեսի մեջ ներառելու լավագույն և արդյունավետ միջոցը խաղն է։ Ունենալով հարուստ ծիսական ավանդույթներ, ազգային տոներ՝ մենք պարտավոր ենք մեր երեխաներին ներգրավել այդ ամենի մեջ (եթե ոչ ամբողջությամբ, գոնե որոշակի չափով)։ Տոնի կամ ծեսի ակտիվ մասնակիցը ոչ միայն մեծերը պետք է լինեն(դաստիարակ, ծնող, տատիկ ու պապիկ), այլև հենց ինքը՝ երեխան։

Ծեսի իրականացումն իր մեջ ներառում է երգ-պար, բանահյուսություն, գրականություն, կերպարվեստ-ձեռարվեստ, թատրոն, բնագիտություն և խաղ։ Ծիսական խաղերը՝  հատկապես շարժուն խաղերը մեծ դեր ունեն նախադպրոցական տարիքի երեխայի ֆիզիկական զարգացման գործում։

    Բարեկենդան – Բարեկենդանը հայկական ամենահին տոներից է, որը հայերի ամենաուրախ տոնն է եղել։ Բարեկենդանին խաղացել են բազմաթիվ ծիսական խաղեր՝ որոնցից ամենատարածվածներն են «Աքլորակռիվ», «Գնացեք, տեսեք», «Խնոցի, հարոցի», «Պարան ձգոցի», «Գոմշակռիվ» և այլն։

«Աքլորակռիվ»  — Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա՝ այնքան են ուսով թեթևակի իրար խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում և պարտվում է։ Այս և այլ նմանատիպ խաղերի միջոցով երեխայի մոտ զարգանում է հավասարակշռությունը պահելու, կառավարելու կարողությունը, մեկ ոտքի վրա ցատկելու ունակությունը, ձևավորվում է մարդկային փոխհարաբերության կուլտուրա։

«Խնոցի, հարոցի» — Խաղում են զույգերով:  Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

կամ`

-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:   Խաը նպաստում է երեխայի ձեռքերի մկանների զարգացմանը, ձևավորում է համաչափ շարժվելու կարողություն։

Այս խաղը կարելի է խաղալ նաև մեծահասակների հետ (դիտել տեսանյութը)։

«Գնացեք, տեսեք» — Բարեկենդանի ամենաուրախ և երեխաների կողմից շատ սիրված խաղերից մեկն է։ Խաղին մասնակցում են մի խումբ երեխաներ, որոնցից 8 հոգին ներկայացնում են խաղի կերպարներին, իսկ մյուս երեխաները կանգնում են զույգերով և ձեռքերով «կամրջակ»  են ստեղծում։ Երեխաները պետք է կարողանան երգի արագության, ռիթմի հետ արագ կողմնորոշվել և ճիշտ կազմակերպել ռիթմով ծափերը, զույգերով արագ անցնել երեխաների ստեղծած  «կամրջակի» տակով և ետ վերադառնալը: Խաղը զարգացնում է երեխայի մկանային համակարգը, անձի մոտ ձևավորվում է արագ կողմնորոշվելու հմտություն, ճարպկություն, արագաշարժություն։

 

 

Ամանորյա ծես․

Ամանորյա ծեսն  ազգային ծեսերից առաջինն էր, որի հետ ծանոթացանք քոլեջում, ուսումնասիրեցինք և պատրաստվեցինք:  Նախ կազմվեց սցենար, սովորեցինք ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պատրաստեցինք ծիսական պարագաներ, խաղարկեցինք ծիսական գործողություններ: Զարդարեցինք ամանորյա կենաց ծառը, ներկայացրեցինք դրա խորհուրդը, երգեցին ծիսական երգեր, Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ:    Երեխաների հետ միասին խաղացինք ընկուզախաղեր: Քանի որ ծեսն իրականացնում էինք առաջին անգամ, մի փոքր անսովոր էր, բայց և չափազանց հետաքրքիր։ Նախապատրաստական աշխատանքների մեջ էր մտնում ազգային, ծիսական երգերի ուսուցում, կատարումը:  Ժողովուրդը ստեղծել է այնպիսի ծիսական երգեր, որոնցում  արտահայտվում է ծեսի հիմնական գաղափարը, միտքը, և դրանք կատարվում են հատուկ  ծիսական գործողություններով՝ ծիսական կերպարների, մասնակիցների կողմից: Երգի ուսուցումը կատարվեց «անընդմեջ ուսուցման» մեթոդով, որը արդյունավետ էր, յուրացրեցինք արագ, հեշտ:  Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ ինչքան էլ հստակ պատկերացնես և նախագծես անելիքդ, ծեսի իրագործման ընթացքում անընդհատ ստեղծագործելու, իմպրովիզներ կատարելու հնարավորություն կա: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ երեխաների հետ աշխատանքը  նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու հնարավորություն է տալիս: Իսկ երգերը կատարելիս երեխաներն ունենում են հետաքրքիր բեմականացման, ներկայացման հնարավորություն:

    Տյառնընդառաջ կամ Տրնդեզ

Տոնին նախապատրաստվելիս նախ ծանոթացանք ծեսի բովանդակությանը, խորհրդին։ Կազմեցինք սցենար, սովորեցինք ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր։ Քոլեջում ծիսական և ավանդական տարրերով սեղան պատրաստեցինք: Յուրաքանչյուրս մեր ցանկությունը պահեցինք ու կանաչ, կարմիր թելեր կապեցինք ծառին, որից հետո դուրս եկանք բակ, կրակ վառեցինք և այդ թելերով կապվաց ճյուղը նետեցինք կրակի մեջ: Ասում են՝ կրակը վառում, տանում է ցավերն ու հիվանդությունները, և իրականացնում է մեր բարի երազանքները: Շուրջպար բռնեցինք կրակի շուրջ,  երգեցինք, պարեցինք, նորապսակ-տիկնիկների գովք և օրհնություն արեցինք:

Ծառզարդար-Ծազկազարդ, Զատիկ․

Այս ծեսերին նախապատրաստվելիս ավելի պատրաստակամ էինք, քանի որ  ազգային մշակույթը, միջավայրն իր կարևոր դերն էր կատարել՝ ձևավորվելով երաժշտական ճաշակ, որը ազգային երաժշտության նկատմամբ այլ վերաբերմունք էր դրսևորում: Ծառզարդարի, Զատկի ծեսերի նախապատրաստական աշխատանքներն իրականացրեցինք Աշտարակ քաղաքի 4 մանկապարտեզներում։ Նախ ինքներս ծանոթացանք ծեսի բովանդակությանը, սովորեցինք ծիսական երգեր, պարերգեր, պարեր, ծիսական հետաքրքիր ու զվարճալի խաղեր։ Այնուհետև մեր գիտելիքները փոխանցեցինք տեղի մանկապարտեզների դաստիարակներին, երգեցինք, պարեցինք ու խաղացինք իրենց սաների հետ միասին։

Երեխաներին  ծանոթացրեցինք եղանակային փոփոխությունների, երկրագործի աշխատանքի հետ: Հարցադրումների միոջոցով պարզեցինք, թե ինչ գիտեն գարնան մասին, ինչ փոփոխություններ են կատարվում  բնության մեջ գարնանը: Այնուհետև երեխաների հետ միասին դուրս եկանք բակ: Երեխաները մաքրեցին ծառերի շրջակայքը, իրենց փոքրիկ բահիկներով փորեցին ծառերի բները, ջրեցին, որպեսզի ջուրը հասնի արմատներին, ծառը սնուցվի և մեզ բերք տա, իսկ այն ծառերը, որոնք բերքատու չեն՝ ապահովեն մեզ մաքուր օդով, թթվածնով: Երեխաները խնդրեցին ծառին, որ կանաչի, ծաղկի, մեզ լավ բերք տա, թե չէ կկտրեն: Որից հետո շրջան կազմեցինք, երգեցինք «Խնկի ծառ»,   «Յալալի»  երգերը:

Խմբասենյակում երեխաների մասնակցությամբ եգիպտացորենի պայթեցվաց հատիկներով, զատիկներով, զարդարված ձվերով, գույնզգույն ժապավեններով զարդարեցինք այգու ծառերից էտած մի ճյուղ, որը գարնան խորհրդանիշն է: Հնագույն ժամանակներում հայ ժողովուրդն ունեցել է խնկենու, սոսու, կաղնու, ուռենու պաշտամունք՝ որպես անմահության, պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ: Եվ այդ տոնը ժողովուրդն անվանել է Ծաղկազարդ (Ծառզարդար): Այն խորհրդանշել է գարնան գալուստը: Ծաղկազարդի նպատակն է՝ երեխայի, մարդու մեջ սերմանել, սեր, հոգատար վերաբերմունք բնության հանդեպ: Երեխաները շատ ոգևորված էին այդ աշխատանքով:

Երեխաներին սովորեցրեցինք «Գնացեք, տեսեք» երգը, որը մեծ ոգևորությամբ երգեցինք ու խաղարկեցինք երեխաների հետ միասին։

Երգի արագության, ռիթմի հետ արագ կողմնորոշվել և կարողանալ ճիշտ կազմակերպել ռիթմով ծափերը, զույգերով երեխաների կամրջաձև պահած կամարի տակով արագ անցնելը, ետ վերադառնալը:

Հաջորդը, որ երգեցինք և բեմադրեցինք՝ «Կարկաչա» երգն էր։ Նախ, երեխաների հետ մի փոքր զրուցեցինք եղանակային փոփոխությունների, գարնան մասին, այնուհետև բացատրեցինք երգի իմաստը։ Նախկինում տոնն ավելի գունեղ էր և գեղեցիկ։ Երեխաները տնից տուն էին գնում, շրխկանները շրխկացնելով իմաց տալիս իրենց գաուստը, իսկ տանտերերը հյուրասիրում էին երեխաներին՝ տալով չներկված ձվեր, ալյուր, յուղ և այլն։ Երեխաներն էլ, բարեմաղթանքներ ասելով, հեռանում էին։ Երեխաները խանդավառությամբ երգեցին, «վախեցրեցին», օրհնեցին և բարեմաղթանքներ ասեցին «տանտերերին»։

    Ածիկացան- Հարության տոնի նախապատրաստական աշխատանքներից մեկը։ Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշն է: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Ածիկացանի համար մեզ անհրաժեշտ է ափսե, բամբակ (որը հողի դեր է կատարելու) և սերմեր՝ հիմնականում ցորեն, գարի, ոսպ և այլն։ Նախ ափսեի մեջ հավասարաչափ տարածում ենք բամբասկը, այնուհետև ցողում ենք  ջրով և ցանում ենք սերմերը։ Սակայն այսքանը դեռ բավական չէ, որպեսզի սերմերը ծիլ տան։ Մենք երեխաներին սովորեցրեցինք, թե ինչպես պետք է խնամեն և հոգ տանեն, որ իրենց սերմերը ծիլ տան և կանաչեն։ Երեխաները հասկացան, որ սերմերը կծլեն միայն արևի ջերմության և ջրի շնորհիվ։

 

    Համբարձում-Ջանգյուլում․

Ծանոթացանք Համբարձման ծեսի խորհրդին, ուսումնասիրեցինք և յուրացրեցինք  ծեսի նկարագրության մասին նյութեր, համապատասխան երգեր, նախորդ տարիներին Համբարձման ծեսը ներկայացնող տեսաֆիլմեր։

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողություն` ծաղկահավաք, գովք, վիճակ:

Ծաղկահավաք —  Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաներին բացատրեցինք, սովորեցրեցինք, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը պետք է հավաքեի ընդամենը հինգ ծաղիկ: Այնուհետև վիճակի սափորի մեջ երեխաները գցեցին  7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքեցինք՝ մանկապարտեզի խմբերի ջրի ծորակներից, (կարելի է նաև շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից,  եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր): Հավաքած ծաղիկներով պատրաստեցինք  փոքր փնջեր և ծաղկեպսակ։

Ծաղկամայր — Նախապես պատրաստել էինք Ծաղկամոր տիկնիկը, զարդարել ծաղկեպսակով, վզին գցել էինք սաների նախօրոք պատրաստած ուլունքները: (Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:)

Կաթնապուր — Վաղ առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը, պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Գովք — Մանկապարտեզի  սաներից մի քանիսը կազմեցին փոքր խումբ,  այցելեցինք  մյուս խմբերին: Երգեցինք  գովքի երգեր, փոխարենը ստացանք հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք,  որևէ  իր:

Վիճակ — Վիճակի համար անհրաժեշտ պարագաներն են՝

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ)
  • ծաղկեպսակներ
  • վիճակի սափոր
  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, եկան և շրջանաձև կանգնեցին  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» էր, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» էր: Նրանք երեքով նստեցին մեջտեղում:  Բոլորս միասին երգեցինք «Վիճակի երգը»:  «Հարսիկը» վիճակի սափորից  հանեց մեկ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից միրգ կամ քաղցրավենիք վերցրեց, տվեց այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար: Այս ամենը կարելի է ուղեկցել գեղեցիկ մանիներով՝

 

Հարսանիքի ծես — Տիկնի պսակ

Մեծ ոգևորությամբ ուսումնասիրելով Հարսանիքի ծեսը՝ Տիկնի պսակը, սովորեցինք հարսանեկան ազգային երգեր, պարերգեր և պարեր։ Աշտարակ քաղաքի նախադպրոցական հաստատությունների դաստիարակների հետ միասին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Մայր դպրոցի <<Մարմարյա>> սրահում ներկայացրեցինք Հարսանիքի ծեսը, խաղացինք Տիկնի պսակ։ Երգեցինք  <<Տիկնի պսակ>>, <<Սաթոյին գովելու համար ենք եկել>>,<<Վեր, հա վեր-վեր>>, <<Սուրբ Կարապետաց>>,<<Զնգլիկ օրոճ եմ կապել>> երգերը։

 

Եզրակացություն

Դիպլոմային նախագծի վրա աշխատանքի, տեսական գրականության ուսումնասիրության և վերլուծության մշակված ծեսերի իրականացման արդյունքում եկանք մի շարք եզրահանգումների.

  • Երեխայի զարգացման և նրա անձի ձևավորման գործընթացները փոխկապված են։
  • Երեխայի զարգացմանը, ինչպես նաև նրա անձնավորության ձևավորմա­նը նպաստող խթանները պայմանականորեն միավորում են երեք խմբի՝ կենսաբանական, սոցիալական և ման­կավարժական:
  • Երեխայի զարգացմանը նպաստում է զարգացնող միջավայրը, որը երեխայի զարգացման դրդող «առարկայական տարածությունն» է և համարժեք բարոյահոգեբանական մթնոլորտը:
  • Նյարդային համակարգի ճկունությունն ու ընկալունակությունն առավել արդյունավետ են դարձնում ցանկացած մանկավարժական գործընթաց:
  • Մանկավարժական գործոնների շարքին է պատկանում երեխայի ինքնուրույն գործունեությունը, որը խրախուսվում և ձևավորվում է մեծահասակների մանկավարժական ներգործության շնորհիվ: Ինքնուրույնու­թյան դրսևորումները խթանում են երեխայի զարգացման գործընթացը, նպաստում նոր հաջողությունների ու նվա­ճումների: Երեխայի ինքնուրույնության արգելակումը մեծահասակների կողմից բացա­սաբար է անդրադառնում և խոչընդոտում է նրա ընդհանուր զարգացման գործընթացը: Երեխայի ինքնուրույնությունը՝ նրա զարգացման և անձ­նավորության ձևավորման կարևորագույն գործոն է:

Փորձարկման արդյունքում․

  • Նախակրթարանում երեխայի ներդաշնակ հոգևոր զարգացման կարևոր խնդիրներից մեկը ազգային մշակույթի յուրացումն է՝ ծեսեր, տոներ:
  • Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական չափորոշիչների հիմքում ընկած է այն համոզմունքը, որ երեխաների ուսումնառությունը և զարգացումը բազմակողմանի է, քանի որ ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգանում է երեխայի խոսքը և լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները։
  • Ֆիզիկական դաստիաչակությունը անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման կարևոր բաղադրիչն է։
  • Ֆիզիկական դաստիարակության նպատակն է  դաստիարակել անձի բարոյակամային հատկանիշներ և ֆիզիկական որակներ
  • Ֆիզիկական դաստիարակության հիմքում ընկաց է մանր և խոշոր մոտորիկայի զարգացումը։
  • Երեխաների խոշոր մոտորիկայի զարգացման հիմնական գործոնը տարիքին համապատասխան ֆիզիկական վարժություններն ու շարժախաղերն են։
  • Ֆիզկուլտուրայի յուրաքանչյուր պարապունքին իրականացվում է երեք կարևոր խնդիր՝ առողջապահական, կրթական, դաստիարակչական: 
  • Ֆիզկուլտուրայի պարապմունքը բարելավում է գլխուղեղի աշխատանքը, սրտի և շնչառական համակարգերի գործունեությունը, արագանում է նյութափոխանակությունը, ամրանում են հոդակապերը, ջլերը, մեծանում է ողնաշարի ճկունությունը:
  • Երեխան ճանաչում է իր մարմինը, բացահայտում է իր շարժողական կարողությունները: Գիտելիք է ստանում բնության, կենդանիների, մարդկանց, բնական նյութերի, տարածության և ժամանակի վերաբերյալ: 
  • Կարևորելով երեխայի ֆիզիկական զարգացումը՝ պետք է հիշել, որ չափից ավելի կամ միակողմանի ֆիզիկական ծանրաբեռնումը շատ ավելի վտանգավոր է, քան դրա բացակայությունը:
  • Երեխաների խոշոր մոտորիկայի զարգացման հիմնական գործոնը տարիքին համապատասխան ֆիզիկական վարժություններն ու շարժախաղերն են։
  • Այն երեխաները, որոնց շարժողական ակտիվությունը սահմանափակ է, հաճախ առողջական խնդիրներ են ունենում։

Ներկայացված նյութը կարելի է կիրառել ընտանիքում, նախադպրոցական  և այլ հաստատություններում։ Չէ որ պետք է պահենք ու պահպանենք մեր ազգային մշակույթն ու ավանդույթները։

Оставьте комментарий